Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
12:34 23/12/2021
Հայաստան

Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակի իրավիճակը բավական լավ է և նախորդ օրը գրանցվել է ընդամենը 129 նոր դեպք:

Նրա խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափը:

Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ համաճարակի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, պետք է պատվաստումները շարունակել և չսպասել մինչև դանակը ոսկորին հասնի, որ նոր տեղից շարժվեն:

Փաշինյանը վստահեցրեց, որ ստացել է պատվաստման 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

Առողջապահության նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը 200000 դեղաչափ Pfizer պատվաստանյութի է ձեռք բերել և գնման գործընթացն ավարտական փուլում է:

Այդ նպատակով գործադիրը չզեկուցվող հարցերի թվում որոշմամբ բյուջեից ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացրեց 1,2 միլիարդ դրամ, նույն որոշմամաբ նախարարությանը հատկացվեց ևս մոտ 2.5 մլրդ դրամ՝ համաճարակի դեմ պայքարելու համար:
 

Placeholder
Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ. Անահիտ Ավանեսյան