Սպառողական գները մեկ տարում աճել են 9.6%-ով
Տնտեսություն
14:51 27/12/2021
Հայաստան

Սպառողական գները մեկ տարում աճել են 9.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%։ 2020թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 13.2%, իսկ նոյեմբերի ՏԱՑ-ը  հոկտեմբերի նկատմամբ նվազել է 1.4%-ով:

Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 2.7%-ով, իսկ 2020թ-ի նոյեմբերի համեմատ՝ 15.7%-ով:

Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-նոյեմբերին արձանագրվել է 6.9%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում գրանցվել է 2%-ի անկում։

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.9%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 7.3%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-նոյեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1%-ով, իսկ 2020 թ-ի նոյեմբերի համեմատ՝ 9.6%-ով։

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 16.6%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 19.4 %-ով,  ներմուծումը՝ 15.1%-ով:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակել, մինչդեռ ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։

 

Placeholder
Սպառողական գները մեկ տարում աճել են 9.6%-ով