Պատանի հանդիսատեսի թատրոնը կբեմադրի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը
Մշակույթ
14:45 28/12/2021
Հայաստան

Պատանի հանդիսատեսի թատրոնը կբեմադրի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը

Պատանի հանդիսատեսի  թատրոնում մեկնարկել են «Կատուն շիկացած տանիքին»  պիեսի բեմադրական աշխատանքները։ Դեկտեմբերի 21-ից Պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեցին  հանրահայտ ամերիկացի դրամատուրգ  Թենեսի Ուիլյամսի  «Կատուն շիկացած տանիքին»  պիեսի բեմադրական աշխատանքները․․․Աշխատանքների մասին ազդարարեց թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը։

«Պիեսները շատ էին, բայց ես կանգ առա հենց այս մեկի վրա, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ․․․
Մերօրյա մարդկային հարաբերությունների աղճատվածությունը, մարդկանց  միմյանց հետ չխոսելու, չկիսվելու խնդիրը, այսօր դարձել է համաշխարհային աղետ,  գնալով ամեն բան ավելի է խորանում, մարդիկ  ապրելով մեկ տանիքի տակ՝ միմյանցից ավելի են հեռվանում, ներդաշնակությունը գնալով պարտվում է։ Սա համընդհանուր սիրո պակասի տագնապի ձայն է, որտեղ ծնողների և զավակների հարաբերությունները նույնպես դրված են լուրջ զննության տակ։ Որպես ռեժիսոր՝  ես տեսա այդ խնդիրները, որոնք  կարծում եմ՝ մեզ համար որպես քաղաքացիներ շատ կարևոր են և արդիական, դրանց մասին խոսելն ու բարձրաձայնելը է՛լ ավելի կարևոր․․․» ,- նշում է  Դավիթ Հարությունյանն ընդգծելով, որ  ցանկացած թատրոնի համար էլ պատիվ է բեմ բարձրացնել Թ․ Ուիլյամսի պես համաշխարհային հեղինակության թատերագրի պիես։

Պատանի հանդիսատեսի թատրոնից հայտնում են, որ ներկայացումը թատերասերներին կներկայացվի գարնանը։ Այն կհամալրի թատրոնի երեկոյան խաղացանկը։

Placeholder