ՍԴ թվարկած նախադրյալները բավարար են ընկալելու, որ պետությունը ստանձնի իր հոգատարության գործառույթը. Վարդևանյան
Իրավունք
17:25 28/12/2021
Հայաստան

ՍԴ թվարկած նախադրյալները բավարար են ընկալելու, որ պետությունը ստանձնի իր հոգատարության գործառույթը. Վարդևանյան

«Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասն արդեն իսկ ելակետը դրել է, այստեղ երկրորդ կարծիք չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՍԴ-ում ՍԴ դիմած պատգավորների ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝  հստակ կետերով անդրադառնալով ՍԴ-ի՝ ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանն անվավեր ճանաչելու որոշմանը:

Նա ընդգծում է, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է՝ աշխատողների վրա իրենց հաշին ձևակերպումն անընդունելի է:

«Եթե ՍԴ-ն օգտագործում է սահմանադրությանը հակասող և անվավեր ձևակերպում, նշանակում է x կամ y դրույթն ուղղակի անընդունելի է»,- նշում է  Վարդևանյանը:

Նա ասում է, որ այժմ հիմնական հարցն է՝  ՊՇՌ հետազոտության վճարման պարտականությունը  մնում է  աշխատողի՞ վրա, չնայած ՍԴ որոշման առկայությանը:

Վարդևանյանը մեջբերում է անում ՍԴ որոշումից,  ըստ որի՝ հրամանով աշխատողի համար ծախս կատարելու ֆինանսական բեռ կրելու պահանջ սահմանելը խնդրահարույց է  նշված իրավակարգավորման Սահմանադրության 6-րդ և 39-րդ հոդվածների տեսանկյունից:

«ՍԴ-ն սևը սպիտակով մի քանի բան է ասել՝  աշխատողն իր հաշվին ձևակերպումը ֆինանսական բեռ է աշխատողի վրա, որը հակասահմանադրական է, դրանից հետո ասել է՝ այս ամենը նաև սեփականության իրավունքի տեսանկյունից միջամտություն է  և խնդիր է առաջացնում, այնուհետև ասում է՝ պետություն, չնայած դու չունես պարտականություն ուղղակի գրված, բայց դա չի բացառում, որ դու կարող ես ստանձնել այդ բեռը՝ հաշվի առնելով, օրինակ, Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձի չափը:

Աշխատողի վրա դրված՝ հրամանի շրջանակում ՊՇՌ հետազոտման պարտականությունը ծախս կատարելու մասով  հակասահմանադրական է: Սա այլևս փաստ է: Ո՞ւմ վրա պետք է լինի այս բեռը: ՍԴ որոշումից պարզ է մի բան, որ դա  գործատուի տիրույթ չի տեղափոխվում, այլ տեղափոխվում է պետության տիրույթ:

Չնայած ՍԴ-ն չի ասում, որ պետությունն ունի ուղղակի պարտականության այս մասով, բայց բոլոր նախադրյալները, որոնք թվարկում է, ցանկացած ռացիոնալ  պետության պայմաններում առավել քան բավարար են ընկալելու, որ պետք է վերջ դրվի սրան ու պետությունը  ստանձնի իր հայրենակիցների հոգատարության  գործառույթը»,- ասում Արամ Վարդևանյանը:

Placeholder