Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր տարվա հենց առաջին օրը հանրային սննդի կետում սնվածների շրջանում թունավորման դեպք գրանցվեց։ Այս անգամ տուժածները «Chicken bites» հանրային սննդի կետից շաուրմա կերած վեց իրանցիներ էին, որոնք տեղափոխվել էին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Նրանք արդեն դուրս են գրվել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ ստուգում է բացվել, նմուշառում է արվել հավի մսից, սոուսներից, մայոնեզից։ Պատասխանները դեռ չկան, ստուգումն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ տարեվերջին մի քանի տասնյակ մարդիկ թունավորվեցին ու հոսպիտալացվեցին «Տաշիր պիցցա»-ի սննդի երկու կետերում, ապա նաև «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգերի» սննդի կետում սնվելուց հետո։ Պետական մարմինները երկու դեպքի համար էլ պնդեցին՝ տնտեսվարողները չեն պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը։ Երկու սննդի կետերում էլ թունավորման դեպքերի փաստերով քրեական գործեր են հարուցված։
Թունավորումների համատեքստում Panorama.am-ը սպառողների շահերի մասին զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
Panorama.am -Տնտեսվարողները շատ անգամ արդարանում են, թե հոսպիտալացված մարդկանց բուժման ծախսերը հոգացել են, ապա ազդարարում են աշխատանքի վերսկսման մասին, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Բաբկեն Պիպոյան-Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք խնդիր են ունեցել, սակայն չեն հոսպիտալացվել, բուժումն իրականացվել է տնային պայմաններում։ Մարդկանց որոնելու բուն գործընթաց չի էլ եղել, որպեսզի պնդենք, թե բոլոր տուժածների կրած վնասը փոխհատուցվել է։ Բացի այդ, տուժած մարդիկ այդ օրերին աշխատանքի գնալ չեն կարողացել, ինչի հետևանքով խնդիրներ են ունեցել նաև գործատուները։ Սա էլ մի այլ խնդիր է։
Panorama.am -Համադրելով թունավորումների պատճառների մասին պետական մարմինների հայտարարությունները՝ Ձեզ համար հստա՞կ են թունավորման պատճառները։
Բաբկեն Պիպոյան-Տեսեք, թունավորման դեպքեր եղել են մի քանի ռեստորանում, ո՞նց ստացվեց, որ միաժամանակ մի քանի տեղում սկսեցին սանիտարահիգիենիկ կանոնները չպահել։ Ի վերջո, սալմոնելան ինչպե՞ս մտավ խոհանոց, հումքի միջոցո՞վ, թե՞ հիվանդ աշխատակցի։ Սրա մասին էլ հստակ խոսք չկա։ Համաճարակաբանական շղթան, լիարժեք հետազոտված չէ։ Սա էլ իր հերթին մի քանի պատճառ կարող է ունենալ՝ լաբորատորիայի, կամ այլ օղակի սխալը։ Ավելին ասեմ, մենք չենք քննարկում, օրինակ, թե հավի մատակարարը ի՞նչ մեքենայով է տեղափոխում հավը, այդ մեքենայից քսուք վերցվե՞լ է։ Պետք է շղթան պարզել ամբողջությամբ, նմուշառումներն իրականացնել լիարժեք։
Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը, այո՛, ունի նաև կարգավորման ֆունկցիա, բայց իր հիմնական գործառույթը սանկցիա կիրառելու ֆունկցիան է։ Սանկցիան միայն ժամանակավոր կասեցումը չէ, այն նաև վարչական պատասխանատվություն է ենթադրում, ամբողջ շղթայի բացահայտում է ենթադրում։ Մինչդեռ սրա մասին հանրային քննարկում չկա։
Panorama.am -Տեսեք, ստեղծվեց մի իրավիճակ, երբ մի քանի հարյուր մարդ թունավորվեց տարբեր սննդի կետերում սնվելուց հետո, հոսպիտալացվեց, օրեր անց այդ տնտեսվարողները հայտարարեցին աշխատանքը վերսկսկելու մասին։ Հայտնի չէ, թե ապառողների հետագա թունավորումները կանխելու համար ի՞նչ քայլեր են արվել։
Բաբկեն Պիպոյան-Ինչ-որ պահի այս կետերը պետք է սկսեն աշխատել։ Դրանք պետք է սկսեն աշխատել, երբ վտանգի աղբյուրը կամ աղբյուրները միանշանակ հայտնաբերված են, և բոլոր խնդիրները վերացվել են։ Փաստը մնում է փաստը, որ այս կծիկի մեջ կար մի հետաքրքիր օրինաչափություն, որևէ բռնկման դեպքում թունավորումների պատճառահետևանքային ամբողջական կապ մենք չտեսանք։ Ես չեմ հավատում, որ մի հիվանդ աշխատողի ձեռքի պատճառով այդքան թունավորում գրանցվեց։ Գուցե կոպիտ հնչի, բայց ես չեմ հավատում, որ մի քանի սննդի օբյեկտներում սկսեցին միաժամանակ չլվացվել։ Ինչ-որ հումք եղել է, որը բերել է սալմոնելան։ Այդ հումքն այդպես էլ չհայտնաբերվեց։ Ավելին ասեմ, ես շատ լավ գիտեմ պետական ապարատի գորելաոճը, հնարավոր չէ պետական ապարատը որևէ գործ անի ու այն թողի չնկատված, ինչ անում է, դրա մասին հանրային ձևով խոսում է՝ գնացինք այստեղ, այն հայտնաբերեցինք, այս չհայտնաբերեցինք... Հիմա ես հարցնում եմ՝ շարժակազմերից տեղեկություն ունե՞ք, թե՞ ոչ, մատկարարները ձեզ մոտ գրանցվա՞ծ են։ Անուն չեմ ուզում, հարցնում եմ՝ գրանցվա՞ծ են ՍԱՏՄ-ի մոտ, սննսդի տեղափոխման հնարավորություններ, պայմաններ ունե՞ն, թե՞ չունեն։ Դրանց սանիտարահիգիենիկ կանոնները պահվո՞ւմ են, թե՞ չեն պահվում։ Այս հարցերին պատասխանելու համար աշխատանք արվե՞լ է։ Ես խորին համոզմունք ունեմ, որ չի արվել։ Միշտ կարելի է աշխատել այնպես, որ ոչ մի բան չհայտնաբերեն։
Panorama.am -Հայաստանում սպառողն ունի՞ երաշխիք, որ այլևս նման դեպքեր մասայական թունավորումներից հետո չեն լինի։
Բաբկեն Պիպոյան-Նման գնահատական կարող է տալ լիազոր պետական մարմինը, իսկ ես կարող եմ գնահատել այդ հայտարարության արժանահավատությունը։ Ես խորին համոզմունք ունեմ, որ պետք է աղոթենք ու նոր ուտենք անվտանգության նման համակարգի պայմաններում միշտ պետք է աղոթենք, նոր ուտենք։ Կրկնեմ, ունենք բազմաթիվ թունավորումների դեպքեր, չկա հստակ պատճառ, սանկցիա կիրառված չէ, դատապարտող հայտարարություն չկա։ Երբ ունենք նման մոտեցում սննդի անվտանգության նկատմամբ, նշանակում է, որ որևէ կերպով որևէ բան երաշխավորված չէ։