Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում
Քաղաքական
12:49 10/01/2022
Տարածաշրջան

Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում

Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում, իր գործառույթները կատարելուց հետո այն դուրս կբերվի հանրապետությունից: ՀԱՊԿ համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը:

Պուտինը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունն անվանել է չափազանց ժամանակին և օրինական։ «Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ-ը գործնականում ցույց է տվել իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու կարողությունը»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ըատ Պուտինի՝ Ռուսաստանը հասկանում է, որ Ղազախստանին սպառնացող վտանգը ծագել է ոչ թե ինքնաբուխ բողոքի ակցիաներից, այլ նրանցից, ովքեր զենք են վերցրել։ Նրա խոսքով՝ Ղազախստանը բախվել է միջազգային ահաբեկչությանը։

«Ղազախստանում օգտագործվել են «մայդանից» հայտնի անկարգությունների տեղեկատվական, ուժային աջակցության տեխնոլոգիաներ»,- ասել է նա։

ՌԴ նախագահը հատնել է, որ Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար նորմալանում է, մի շարք կենսական նշանակության օբյեկտներ ամբողջությամբ մաքրվել են զինյալներից, և վստահեցրել է, որ մոտ ապագայում իրավիճակը ողջ Ղազախստանում համատեղ ջանքերով կկայունացվի։

«ՀԱՊԿ երկրները ցույց են տվել, որ թույլ չեն տա իրագործել «գունավոր հեղափոխությունների» սցենարները»,- ասել է Պուտինը և հավելել, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի ներքին գործերին արտաքին միջամտության առաջին փորձը չէ։

Պուտինը կոչ է արել հանձնարարել ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին առաջարկներ ներկայացնել արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար։

«ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն հակահարված տալ ցանկացած սադրանքների, որպեսզի այսպիսի ողբերգությունները ապագայում ոչ մեկին անակնկալի չբերեն»,- ասել է Պուտինը և շեշտել, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել առաջնահերթ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ բոլոր երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը։

Placeholder
Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում