Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը․ ՀՀ ԳԱԱ նախագահ
Կրթություն, գիտություն
18:28 11/01/2022
Հայաստան

Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը․ ՀՀ ԳԱԱ նախագահ

 Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Այս մասին հայտնում են ակադեմիայից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները և առաջատար մասնագետները: 

Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:
 Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի գիտական ու կրթական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

 Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասել է. «Այս համագործակցությունն անհրաժեշտություն է, հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո: Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը՝ ներգրավելով Արցախի գիտական կենտրոնը մեր ծրագրերում: Պատերազմից հետո ես երկու անգամ այցելել եմ Արցախ, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Մեր առաջարկած համագործակցության ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց, բոլորն էլ հասկանում են դրա կարևորությունը»:

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշել է. «Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Այսօր մենք ունենք Արցախի հայկականության պահպանման խնդիր, և այս խնդիրը շատ սուր է, այն պետք է լուծվի գիտական մակարդակով: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»:

Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ  է շնորհել Աշոտ Սաղյանին: Շնորհակալություն հայտնելով՝ Աշոտ Սաղյանը նշել է. «Այս մեդալն ինձ համար ամենաբարձր նվերն է»:

Placeholder