44-օրյա պատերազմի մասնակից նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն ուզում է սիրուն բաներ ստեղծագործել
Մշակույթ
10:00 15/01/2022
Հայաստան

44-օրյա պատերազմի մասնակից նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն ուզում է սիրուն բաներ ստեղծագործել

Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանը 1 տարի երկու ամիս արդեն իր սրբազան պարտքն էր մատուցում հայրենիքին՝ ծառայում էր հայոց բանակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ժամկետային զինծառայողը Թալիշում էր այդ օրերին, որտեղ էլ վիրավորվել է հոկտեմբերի 2-ին բայրաքթարի հարվածից:

Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծայրահեղ ծանր տեղափոխվել է Այրավածքաբանական կենտրոն,  24 օր՝ կյանքի ու մահվան արանքում է եղել, այնուհետև Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ոտքի վիրահատության է ենթարկվել։ 

«Վիրահատվել եմ, վերականգնողական կուրսերի եմ գնում: Այժմ լսողական խնդիրներ ունեմ»,- ասաց երիտասարդ արվեստագետը:



Բենը սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ մագիստրատուրա 1-ին կուրս: Առայժմ քանդակներ չի ստեղծում, իսկ պատերազմից հետո 1-2 կտավ է նկարել: Վստահեցնում է՝ մոտ ժամանակներում կսկսի նորից ստեղծագործել: Չնայած այն, ինչ տեսել ու ապրել է Բենը պատերազմի օրերին, նրա արվեստում տեղ չեն գտնի։

«Իհարկե, այդ ամենն իր ազդեցությունն ունեցել է իմ ներաշխարհի վրա, բայց չեմ արտահայտի  արվեստի միջոցով, չեմ ուզում իմ էմոցիաներն արտահայտել արվեստի գործերում: Ուզում եմ ավելի սիրուն, ռեալ բաներ ստեղծագործել՝ պատերազմի հետ կապ չունեցող»,- ասաց Բեն Պողոսյանը:

Ընդգծեց՝ պատերազմից հետո սկսել է կյանքին ավելի շատ կարևորություն տալ, կյանքին ավելի ռեալ նայել:

Լուսանկարները՝ Բեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։ 

 

 

Placeholder
44-օրյա պատերազմի մասնակից նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն ուզում է սիրուն բաներ ստեղծագործել