Էլինար Վարդանյան. Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է
Առողջություն
10:09 21/01/2022
Հայաստան

Էլինար Վարդանյան. Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հրապարակման մեջ գրում է.

«Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները  պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։  Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։

Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։

Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը,  այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա  10 հազարով թեստ հանձնելու,  գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։

Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։ Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ»։

Placeholder