ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց
Քաղաքական
16:45 24/01/2022
Հայաստան

ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։

Հիշեցնենք, որ  ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ՄԻՊ-ն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. «ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե  Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա է եղել  68 քվեաթերթիկ։  Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Քրիստիննե Գրիգորյան՝  կողմ 68, դեմ՝ 0»։

Ք. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց  վստահության, քվեարկության համար։ Այնուհետև նա  երդում տվեց. «Ստանձնելով  Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝  երդվում եմ հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։

ՀՀ-ում  Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով։ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

Գործող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։

Placeholder
ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց