Հայաստանի ՏՏ ոլորտի որոշ ընկերություններում 1-3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան
Տնտեսություն
17:38 25/01/2022
Հայաստան

Հայաստանի ՏՏ ոլորտի որոշ ընկերություններում 1-3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները վերջին 3 տարիներին թռիչքաձև զարգացում են ապրել։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ընկալումը միջազգային շուկայում։ «Նույն ԱՄՆ-ում, որտեղ այսօր կենտրոնացած են բոլոր վենչուրային փողերը, ստարտափները, աշխարհի հաջող պրոյեկտների մեծ մասն այնտեղից են գալիս, այսօր ամերիկյան վենչուրներն արդեն գիտեն ինչ է Հայաստանը, քանի որ ունենք մի քանի հաջողված ընկերություններ, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանը։ Դա «Սերվիս տիտան» ընկերությունն է, Picsart-ն է, «Կրիսպն» է։ Այսինքն՝ այն հենասյուները, որոնց վրա պետք է հենվենք, մենք դա ունենք»,- ընդգծեց Ալեքսանդր Եսայանը։

ԱՏՁՄ վարչության նախագահը նաև ընդգծեց, որ այսօր ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցները  տվյալ ընկերություններում ունեն մասնաբաժին․ «Այսինքն` այն, ինչ ԱՄՆ-ում կա, որ ընկերության աշխատակիցը բացի աշխատավարձից նաև ստանում է անձնական մասնաբաժին, սկսել է կիրառվել նաև մեր երկրում։ Արդեն 1-3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան Հայաստանում։ Օրինակ՝ մեկ ընկերությունում աշխատող մոտ 50 մարդ կա, որ 1 մլն դոլարից ավելի մասնաբաժին ունի»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։

Ըստ նրա՝ եթե նրանք իրենց բաժնեմասը վաճառեն, ապա կարող են նոր ընկերություններ հիմնել ՏՏ ոլորտում։
 

Placeholder