Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ կարծում՝ գազի գնի թանկացումը շոկային ազդեցություն կունենա մեր բիզնեսի վրա. Մհեր Գրիգորյան
«Ես այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու և այդ հնարավորությունը կա»,- հայտարարեց ՀՀ զինված ուժերի ստեղծման օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և բացատրեց, որ ՀՀ սահմանին 2022 թ. գազի գինը չի փոփոխվելու:
Նրա խոսքով՝ ՀՀ-ՌԴ միջև դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կա բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին և որում սահմանվում է՝ ՀՀ սահմանին գազի գինը հաշվարկվում է կալորիականությունից ելնելով:
Ըստ Գրիգորյանի՝ գազի սակագնի կառուցվածը բաղկացած է մի քանի բաղադրիչից, որոնցից մեկը սահմանին նրա արժեքն է և կալորիականության հաշվին հավելյալ պոտենցիալ ծախսը, որն այնքան մեծ չէ և հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ:
«Բիզնեսի համար, անկեղծ ասած, եկեք սպասենք, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, բայց ես կարծում եմ, որ ՀՀ սահմանին և աշխարհում գազի գնի տարբերությունն այնքան մեծ է, որ պետք է գազի գնի կամ էներգիայի գնի հետ կապված մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար»,-ասաց փոխվարչապետը:
Նա բացատրեց, որ աշխարհի շատ երկրներում գազի գինն անհամեմատ ավելի շատ է բարձրացել և չի կարծում, որ այն շոկային ազդեցություն կունենա հայկական այն բիզնեսների համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա՝ շեշտելով, որ խոսում է միայն 2022 թ. համար:
Փոխվարչապետի տեղեկացմամբ ԵԱՏՄ-ում գազի հարցում միասնական շուկայի կանոնն ուժի մեջ է մտնում 2024 թվականից և քննարկվում է գազի գնի երկու բաղադրիչ՝ ինքնարժեքը և տեղափոխման ծախսերը և վերջինն է բարդ քննարկումների առարկա:
«ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի վերաբերյալ կոնսենսուս կա, տեղափոխման ծախսերն են խնդիրը»,- ասաց Մհեր Գրիգորյանը և հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-ում նաև միասնականություն կլինի վերջին հարցի վերաբերյալ: