Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ և Արցախի նախկին նախագահները
Մշակույթ
17:45 05/02/2022
Հայաստան

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ և Արցախի նախկին նախագահները

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը: Արամ Խաչատրյան համերգասրահում հնչում է Արթուր Գրիգորյանի երգերը։

Հոգեհանգստի արարողությանը ներկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։

Այնտեղ են հայ երգարվեստի ներկայացուցիչները, մտավորականներ, արվեստագետներ, սովորական քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին։ Նա 63 տարեկան էր։

Կոմպոզիտորներին վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 Արամ Խաչատրյան համերգասրահից: Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:

1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Ուղիղի եթերը՝ news.am-ից։ 

Placeholder
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ և Արցախի նախկին նախագահները