Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Դատավոր Բախշիյանին կալանավորեցին, ավելի ճիշտ՝ զոհաբերեցին, հանուն նիկոլների վրեժի, հոգեկան բավարարվածության ու վախերի փարատման:
Իսկ զոհաբերողները հիմա երևի հանգիստ նայում են, թե ինչպես են բորենիները խորտակում երիտասարդ դատավորի ճակատագիրը, ինչպես են զնդանը նետում իրենց գործընկերոջը:
Չեմ պատկերացնում, թե ինչ են զգալու Բախշիյանին զոհաբերած մարդիկ, երբ նույն զոհասեղանին մի օր դնեն իրենց կամ իրենց հարազատներին, քանի որ նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն:
Բայց մեկ բան հաստատ գիտեմ. բոլորը պատասխան են տալու. . .»։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։