Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսը ռուսերենով է դիմել ռուսներին
Քաղաքական
10:13 07/02/2022
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսը ռուսերենով է դիմել ռուսներին

Ֆրանսիայի նախագահի «Հանրապետական» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը France 5 հեռուստաալիքի եթերում կիրակի երեկոյան ռուսերենով դիմել է ռուսներին և կոչ արել միասին կառուցել Եվրոպայի ընդհանուր ապագան։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ հպարտ ռուս ժողովրդին ասել, որ մենք պետք է Եվրոպայում խաղաղություն միասին կերտենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները «մեծ սխալ կլինեն»։

Երիտասարդ տարիներին Պեկրեսը սովորել է ռուսերեն և նույնիսկ հանգստացել Ղրիմի «Արտեկ» ճամբարում:

Այնուհետև, անցնելով ֆրանսերենին, նա նշել է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է երկխոսել։

«Երկխոսությունը վերսկսվել է, որը լավ է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ գործ ունենալիս Եվրոպան պետք է հավատարիմ մնա կոնսոլիդացված դիրքորոշման։

«Կարծում եմ, որ Ֆրանսիան ԵՄ-ի հետ միասին պետք է առաջարկի Վլադիմիր Պուտինին նոր համաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության վերաբերյալ»,- հավելել է Պեկրեսը, որի կարծիքով նման քայլը կայունություն կապահովի մայրցամաքում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը, փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Մոսկվա և փետրվարի 8-ին Կիև կլինեն Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի Փարիզի քայլերի շարունակությունը։

Բացի այդ, վերջին շաբաթներին Պուտինն ու Մակրոնն այս թեմայով երեք հեռախոսազրույց են ունեցել՝ հունվարի 28-ին և 31-ին և փետրվարի 3-ին։
 

Placeholder
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսը ռուսերենով է դիմել ռուսներին