Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
Առողջություն
11:32 10/02/2022
Հայաստան

Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան

«Գիտեք՝ 2020 թ.-ին ՀՀ կառավարությունը քաղաքական լուրջ որոշում կայացրեց՝  ծխախոտի և նրա փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ, որի դրույթները հերթով մտնում են ուժի մեջ»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ նախարարի՝ կանոնակարգն ընդունվում է, որպեսզի ինչպես ծխախոտային արտադրատեսակների վաճառքը  կարգավորվեն, այնպես էլ փոխարինիչների հետ կապված գործընթացները կանոնակարգվեն և վաճառասրահներում նրանք չերևան:

«Մեր խնդիրն է, որպեսզի ինչքան հնարավոր է լինել արագ արձագանքող, որպեսզի նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ մենք նույնպես տարածենք տեխնիկական կանոնակարգերը»,-հայտնեց Քերոբյանը և հավելեց. «Նախագծով սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը և կարծում եմ, որ սա կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի, մասնավորապես՝ մարդկանց առողջության մեջ»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից արգելվել է ծխախոտի գովազդը և իր աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին հարցրեց, թե օրենքի պահանջն արդյո՞ք պահպանվում է:

Ասոյանը վստահեցրեց, որ այն ամբողջ ծավալով իրականացվում է և գրեթե վայր չկա, որտեղ ցուցադրվի ծխախոտը:

Նրա խոսքով՝ բարձր տուգանքներ են նախատեսված, որը զսպող ազդեցություն պետք է ունենա և բացի այդ երեք տեսչական մարմին է ներգրավված վերահսկման գործընթացում:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի15-ից ուժի մեջ է մտնում նաև սննդի օբյեկտներում և փակ տարածքներում ծխելու արգելքի որոշումը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ մարդկանց առողջության պահպանման նպատակով նման որոշում է ընդունվում՝ հիշեցնելով որ ծխելու հետևանք հանդիսացող հիվանդություններից մահացությունն ՀՀ-ում մեծ է:

Placeholder