Ինքնավստահ և դատարկ մարդիկ դանդաղեցնում ու կասեցնում են մեր սլացքն աշխարհով մեկ սկսված կրթական մրցավազքում. Աշխարհագրագետ
Կրթություն, գիտություն
16:00 12/02/2022
Հայաստան

Ինքնավստահ և դատարկ մարդիկ դանդաղեցնում ու կասեցնում են մեր սլացքն աշխարհով մեկ սկսված կրթական մրցավազքում. Աշխարհագրագետ

Աշխարհագրագետ, 2021-ին «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող Տիգրան Ենգիբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝  խնդրելով «Աշխարհագրություն» առարկայից դպրոցականների առարկայական օլիմպիադաներին ներկայացված հարցաշարերը ենթարկել մասնագիտական վերլուծության և ստուգել դրանց համապատասխանելիությունը կրթական ընթացիկ ծրագրին ու դասարանին, հստակ նշել, թե դրանց կազմման ընթացքում մանկավարժահոգեբանական ի՞նչ մոտեցումներ են կիրառվել:

Նա գրել է. «Որպես մասնագետ օլիմպիադաների հարցաշարերի որակը գնահատում եմ միջինից ցածր, կառուցվածքը ժամանակակից պահանջներին անհամապատասխան և անտրամաբանական, արդյունքները՝ ոչ հավաստի:

Հարգելի տիկին Ժաննա Անդրեասյան, խնդրում եմ վերանայել նաև օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը: Ուսումնասիրելով դպրոցական և մարզային փուլերի արդյունքները հիմնավոր կասկածներ են առաջանում, որ շատ դպրոցներում (հատկապես մարզային) աշակերտները դպրոցական փուլը հաղթահարում են կողմնակի ազդեցության միջոցով:

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի բոլոր փուլերում դպրոցներում պետք է ապահովել վերահսկող ներկայացուցիչներ, որոնք չեն հանդիսանա տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, մշակել փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ: Խիստ անհրաժեշտություն կա փոփոխել բնագիտամաթեմատիկական օլիմպիադաների անցկացման բնույթը, ինչպես նաև հարցաշարերի կառուցվածքն ու բովանդակությունը: Զգացվում է, որ երկար տարիներ օլիմպիադաների կազմակերպման ոլորտում կադրային ու մասնագիտական փոփոխություններ չեն եղել:

Շատ վայրերում բարեփոխումներն ապարդյուն են լինելու, քանի դեռ փոխվելու ցանկություն չունեն հենց իրենք՝ չափից ավելի ինքնավստահ և նույնքան դատարկ մարդիկ, ովքեր դանդաղեցնում ու կասեցնում են մեր սլացքն աշխարհով մեկ սկսված կրթական մրցավազքում:

Իսկ նկարում ներկայացվածը նաև աշխարհագրության ռազմավարական կարևորության նվազեցման, Հայաստանի աշխարհագրությանը պատշաճ մոտեցում չցուցաբերելու հետևանք է, այսօր, երբ աշխարհագրությունն է որոշում, թե որ դրոշները կծածանվեն հաջորդ դարում»։

Նա հրապարակել է նաև հարցաթերթիկի օրինակ։ 

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը դիմել է մասնագետները կբացատրե՞ն՝ ինչ մեթոդաբանություն է սա:

Իսկ օգտատերերը նշում են, որ ըստ այդ գրվածի արդեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը «մերը չեն համարում»։

Օգտատերերից մեկը դիմել է հենց Տ. Ենգիբարյանին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք 8-րդ, կարմիրով ընդգծված առաջադրանքը։

 «Առայժմ որևէ մեկնաբանություն չեմ ցանկանցում անել: Կարձագանքեմ հարցաշարի հեղինակների մեկնաբանությունից հետո, եթե իհարկե դա տեղի ունենա»,- գրել է աշխարհագրագետը։ 

 

 

Placeholder