Վրաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Դոնբասի հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ Պուտինին ուղղված Պետդումայի դիմումը
Քաղաքական
15:46 16/02/2022
Տարածաշրջան

Վրաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Դոնբասի հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ Պուտինին ուղղված Պետդումայի դիմումը

Վրաստանը կտրականապես անընդունելի է համարում Պետդումայի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու որոշումը, որով պահանջել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Տագնապալի էր Ռուսաստանի Դումայի երեկվա որոշումը՝ Ուկրաինայի անօտարելի տարածքների ճանաչման հետ կապված դիմելու Ռուսաստանի նախագահին: Այն կտրականապես անընդունելի է: Մենք դատապարտում ենք այս քայլը: Այսօրվա աշխարհը կանգնում է մեծ մարտահրավերի առաջ, երբ հարցը վերաբերում է երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատանը՝ Ուկրաինայում հռչակված Միասնության օրվա կապակցությամբ։

Պետդուման երեքշաբթի օրը կայացած նիստում ձայների մեծամասնությամբ պաշտպանեց մի բանաձև, որով հաստատվեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ պալատի դիմումի նախագիծը Պուտինին, որն առաջարկել էր Կոմունիստական կուսակցության խմբակցությունը: Այն անմիջապես կուղարկվի ՌԴ նախագահին։ ՌԴ նախագահը, մեկնաբանելով Պետդումայի այս կոչը, ասել է, որ պետք է ամեն ինչ անել Դոնբասի խնդիրները լուծելու համար, սակայն առաջին հերթին պետք է ելնել մինսկյան պայմանավորվածությունների ոչ լրիվ իրացված հնարավորություններից։ Նա հավելել էր, որ պատգամավորները որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ռուսների կարծիքով, որոնց ճնշող մեծամասնությունը համակրում է Դոնբասի բնակիչներին և հույս ունի, որ այնտեղ իրավիճակը դեպի լավը կփոխվի։

Placeholder