«Տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարևորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով»
Օրվա թեմա
09:09 16/02/2022
ԼՂՀ

«Տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարևորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով»

Փետրվարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ artsakhmonuments.com-ի շնորհանդեսը։ 

«Այն գալիս է տեղեկատվական պատերազմում համալրելու մեր զինանոցը, դառնալու մեր պատմամշակութային ժառանգության պաշտպաններից մեկը ու հնարավորության սահմաններում աշխարհին ներկայացնելու Արցախը, նրա մշակութային հարստությունը և իհարկե այդ մշակույթը կերտողներին ու կրողներին»,- նշված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։ 

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական և բնապատմական միջավայրի, լանդշաֆտների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:

ՊՈԱԿ-ը բաղկացած է վեց շրջանային պետական ծառայություններից (Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի), ինչպես նաև չորս արգելոցից («Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց, «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց): Այս պահի դրությամբ Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանները և  բոլոր արգելոցները բռնազավթված են Ադրբեջանի կողմից:

«Կայքում դուք կգտնեք ուսանելի հետաքրքիր և ճանաչողական տեղեկություններ մեր ազգային-պատմամշակութային ժառանգության մասին: Ներկայում, երբ վտանգված են մեր նյութական մշակույթի արժեքները Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարևորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով»,- նշված է ՊՈԱԿ-ի կայքում։ 

 
Placeholder