Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։
Փաստաբանի դիմումում նշվում է, որ Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քննության փուլին։
Համաձայնություն ստանալու համար պաշտպանը դիմել է քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։
«Ակնկալում ենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշված է Երեմ Սարգսյանի դիմումում։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
