Ախալքալաքում Թումո է բացվել
Կրթություն, գիտություն
18:45 17/02/2022
Տարածաշրջան

Ախալքալաքում Թումո է բացվել

Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունել է իր առաջին ուսանողներին, հայտնում է Jnews-ը։ Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցության արդյունքում Թումոյի կրթական ծրագիրն այժմ հասանելի է ջավախքցի պատանիներին։

«Ախալքաղաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատ խորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մեր առաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ:

ՀՕՄ Ջավախքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը ասում է. «Համոզված ենք, որ այս ծրագիրը կոգեշնչի մեր երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները: Հույս ունենք` ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և մենք կընդլայնենք մեր համագործակցությունը Թումոյի հետ»:

Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի14 ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն:

Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար։

Placeholder