«Մի վնասեք գիտությանը». Գիտաշխատողների  բողոքի ակցիան Կառավարության դիմաց (լրացված)
Քաղաքական
11:49 17/02/2022

«Մի վնասեք գիտությանը». Գիտաշխատողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (լրացված)

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները։Գիտաշխատողներն ահազանգում են՝ համալիրի կառուցումն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ։ Նրանք Կառավարության շենք են եկել պաստառներով, որոնց վրա կան հետևյալ գրությունները՝ «Մի վնասեք գիտությանը», «Գիտությունը ուժ է», «Չկա գիտություն, չկա ապագա», «Երկրի ապագան վտանգված է»։

«Այնտեղ ստորգետնյա ավտոկայանատեղի է լինելու՝ 200 ավտոմեքենայի համար, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են փորելու։ Բուն շինարարության ընթացքում խափանվելու է ինստիտուտի աշխատանքը։ Կառավարությունը կարող է հետ գնել տարածքը կամ տրամադրել այլ տարածք»,-հայտարարեց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

Նա նաև հայտնեց, որ դիմել են  ԿԳՄՍ նախարարին։

«Կառավարությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի և հիմնովին փոխի իր դիրքորոշումը գիտության հանդեպ»,-ընդգծեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:  Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։

Գիտական կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը

«Գիտական կենտրոնն ու բնակելի շենքն այդ հատվածում անհամատեղելի են։  Պատկերացրեք, եթե էքսկավատորներ աշխատեն, ինչպես ենք աշխատելու նման վիբրացիայի ու աղմուկի պայմաններում»,-հայտարարում են նրանք։

Ակցիայի մանրամասներին  կարող եք հետևել  News.am-ի տեսանյութում։

Placeholder
«Մի վնասեք գիտությանը». Գիտաշխատողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (լրացված)