Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Քաղաքական
09:29 24/02/2022
Աշխարհ

Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում այն բանից հետո, երբ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները դիմել են Կիևի ագրեսիան հետ մղելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը արտակարգ ուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Նա ասել է, որ Մոսկվան ձգտելու է «ապառազմականացնել և ապաազգայնականացնել» Ուկրաինան, կոչ է արել ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և զգուշացրել է անհապաղ պատասխանի մասին, եթե կատարվողին միջամտելու փորձեր լինեն դրսից։

Հայտարարության տարածումից անմիջապես հետո սկսեցին տեղեկություններ ստանալ Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում և Խարկովում պայթյունների ձայների մասին։

Պուտինը, Դոնբասի ժողովրդական հանրապետությունների դիմումից հետո, որոշել է իրականացնել «հատուկ ռազմական գործողություն»:

«Դրա նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության, և դրա համար մենք կձգտենք ապառազմականացնել և ապաազգայնականացնել Ուկրաինան, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:

Ուկրաինական տարածքների օկուպացիան ներառված չէ Մոսկվայի ծրագրերում, այն հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին։ ՌԴ նախագահը նաև ասել  է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ Կիևին միջուկային զենք ձեռք բերել, և հիշեցրել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի անընդունելի ընդլայնման մասին։

Placeholder
Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին