Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հետ կապված Վրաստանի առաջին արձագանքներն արեցին խորհրդարանի խոսնակն ու նախագահը, այնուհետև վարչապետ Ղարիբաշվիլին: Ինչպես գրում է «Ալիք մեդիան», հատկանշական է, որ այդ հայտարարություններն արվեցին գործողությունների մեկնարկից ավելի քան 6 ժամ հետո։
Վրացական կողմը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային: Նախօրեին ուշ երեկոյան Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ որևէ միջնորդական գործունեության մեջ իր դերը չի տեսնում, նույնիսկ հարթակ տրամադրելն անիրական է այս դեպքում:
Վրաստանի փորձագիտական դաշտը վրդովված է տեղի ունեցածով: Փորձագետ Թորնիկե Շարվաշենիձեի խոսքով՝ տեղի ունեցող իրադարձունները բացարձակ անսպասելի էին նման սցենարով:
«Ռացիոնալ վերլուծություն չի ստացվում անել: Նրանք (ռուսական կողմը խմբ.) կարող էին մնալ Դոնբասում ու այնտեղից շարունակել ռազմական գործողությունները: Ինչո՞ւ է պետք վարվել այսպես՝ ընդհանրապես անհասկանալի է: Կանխատեսումներ անել այլևս չեմ կարող, որովհետև ռուսական կողմն իրեն ծայրահեղ ոչ ռացիոնալ կերպով է դրսևորում»:
Արևմուտքի կողմից ըստ Շարվաշենիձեի, միակ օգնությունը կարող է լինել Ուկրաինային զենք տրամադրելն ու պատժամիջոցներ սահմանելը:
Անվտանգության հարցերով փորձագետ Վախտանգ Մաիսաիան անդրադառնում է Վրաստանին սպասվող վտանգներին, որպես ՆԱՏՕ-ի ընդարձակման դեմ Պուտինի գործողություններում ևս մեկ դերակատարի նկատմամբ.
«Արդեն բոլոր տեսակի սցենարները սպասելի են: Պուտինը հնարավոր է սպառնա նաև Վրաստանին, սրանում արդեն կասկածներ չունեմ: Հույս ունեմ, որ արևմուտքի լուրջ ճնշումները Ռուսաստանի նկատմամբ որոշակի արդյունք կտան ու կդադարեցվի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»:
Մաիասաիան ասում է, որ նման զարգացումը պակաս սպասելի է: Ավելի իրական է, որ կշարունակվի Ռուսաստանի ռազմական միջամտությունը Դնեպրի ձախ կողմում, իսկ հետո՝ քաղաքական իշխանությունը կհեռացվի:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այսօր երեկոյան Թբիլիսիում ցույց է ծրագրվում «Պատասխան Պուտինին» խորագրով: Ցույցի նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Վրաստանի վերաբերմունքը Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։