Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը. «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»
«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։
«Մեր գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։
Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը և մենք նախանձախնդիր հետևելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։
Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։
Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։
Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։
Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։
Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։
Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։
Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։
Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղցանկային գրաֆիկը։
Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և ստեղծել մշակութային նոր արժեքներ և վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»,- այս մասին հայտնում են Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամից։
Հիմնադրամի նախագահն է Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երգիչ, երգահան Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։









