Պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը. «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»
Մշակույթ
11:34 25/02/2022
Հայաստան

Պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը. «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։

«Մեր գլխավոր նպատակն է  պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։

Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը և մենք նախանձախնդիր հետևելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։

Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։

Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը  կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։
Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։

Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։

Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։

Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։

Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։

Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղցանկային գրաֆիկը։

Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և ստեղծել մշակութային նոր արժեքներ և  վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»,- այս մասին հայտնում են Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամից։ 

Հիմնադրամի նախագահն է Վահե Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ  երգիչ, երգահան Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

 

 


 

Placeholder
Պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը. «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»