Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է. Թագուհի Թովմասյան
«Վստահաբար տեղյակ եք, թե հավկիթի շուկայում ինչ է տեղի ունենում։ «Շիրակ» թռնչաֆաբրիկան, իհարկե, արտաքուստ շատ լավ բան է արել, ձվի գինը իջեցրել է ու վաճառվում է 30-35 դրամով, բայց դրա արդյունքում տուժում են փոքր ընկերությունները»,- ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նաև հայտնեց՝ իրեն քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ:
«Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են», - հայտարարեց Թովմասյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Նա նաև ասաց, որ «Աշտարակ» ընկերությունն այս հարցով դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, որպեսզի վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է:
«Ու մինչև դուք ուսումասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում։ Այսքան օրենսդրական փոփոխություններն արդյո՞ք չեն նպաստում, որ դուք ավելի օպերատիվ աշխատեք ու խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք», - ասաց պատգամավորը:
Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել:
«Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», - ասաց նա: