Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. ՄՊՀ նախագահ
Տնտեսություն
14:09 01/03/2022
Հայաստան

Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. ՄՊՀ նախագահ

«Հայաստան բենզին, դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Որևէ այլ երկրի ծագման բենզին չկա երկրում»,- ԱԺ-ում հայտարարեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց Գ. Գևորգյանին պատասխանել հետևյալ հարցերին՝ նկատի ունենալով հանրության շրջանում առկա տարբեր խոսակցությունները. «Արդյո՞ք բենզինի և դիզվառելիքի շուկայում մենք ունենք ադրբեջանական ծագման բենզին, արդյո՞ք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի կապված են  ադրբեջանական կազմակերպությունների հետ, արդյո՞ք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարությունը կա, թե՞ ոչ: Ունե՞ք տեղեկատվություն։

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահն ասաց. «Ինչպես հասկանում եմ՝ այդ խոսակցությունները մեր վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ: Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են:

Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր տոկոս՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա»։

Ա.Մինասյանի հաջորդ հարցին՝ արդյո՞ք սահմանի վրա պահպանվում է հսկողությունը, թե՞ հանվել է՝ նկատի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կանոնակարգումները, ՄՊՀ նախագահը պատասխանեց. «Սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում՝ ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ իրենք ևս բովանդակային վերահսկողություն իրականացնեն տեղում»։
 

Placeholder