Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
Քաղաքական
13:42 02/03/2022
Հայաստան

Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան

«ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի, իսկ այսօրվա նախագահի թեկնածուն կուսակցության անդամ է և նրան ներկայացրել են ներկայիս կառավարության անդամները»,- անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրության գործընթացին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանը և շեշտեց. «ԱԺ այսօրվա ընտրության մասին կարող ենք ասել, որ կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց ՀՀ նախագահին»:

Նա նաև նկատեց, որ ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող և համախմբող անձնավորություն և հիշեցրեց, որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը հանրապետության գլուխն է:

Օհանյանը հայտարարեց, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը չի կարողացել իրականացնել երկրի գլուխ լինելու իր իրավասությունը և հիշեց, որ 2020թ. մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում նա պետք է հարթակ բարձրանար վերջինը, որպես երկրի գլուխ, բայց նա կանգնած սպասել է վերջինը ժամանող Նիկոլ Փաշինյանին, միջոցառմանը պետական պարգևատրումը նույնպես ինքը պետք է իրականացներ, որը նույնպես արել է վարչապետը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դժվար է գտնել իրեն հարգող մի անձնավորության, որ ասի, թե գնում է նախագահի պաշտոնի համար պայքարելու, իմանալով, որ չի ընտրվելու և հավելեց, որ այդ անիմաստ գործընթացին ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնելու էր ընտրությունը, իսկ հետագայում ընդդիմության մասնակցությունը միջազգային հարթակներում ներկայացվելու էր որպես ժողովրդավարության ձեռքբերում:

«Ինչպես ԱԺ-ն է գործադիրի կցորդն, այնպես էլ ՀՀ նախագահն է լինելու կառավարության կցորդը»,-հայտնեց Օհանյանը:

Անդրադառնալով  ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների համադրված աշխատանքի արդյունքից, եթե այդ արդյունքը մեզ ցույց տա, որ պետք է համապատասխան քայլի գնանք, ապա կգնանք»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝  ընդդիմության միակ որոշումը մեկն է՝ շարունակել խորհրդարանական գործունեությունը՝ արտաքին հարաբերության և անվտանգության հարցերով առաջարկություններ ներկայացնելով, մյուս կողմից էլ դիմադրության շարժում սկսել խորհրդարանից դուրս:

«Առաջարկում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը զբաղվի իր գործով, մանդատները վայր դնելու հարցում ընդդիմությանը չպետք է կողքից հուշեն»,- հայտնեց պատգամավորն՝ անդրադառնալով Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե նույնիսկ ավտոմատն ընդդիմադիրների ճակատի դնելուց հետո էլ նրանք մանդատները վայր չեն դնի և հավելեց, որ մնացած որոշումներն ընդդիմությունն ընդունելու է 270.000 ընտրողների հետ:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դիմադրության շարժում իրականացնելիս աշխատելու է ոչ միայն «Հայաստան» դաշինքի համակիրների հետ, այլ ամբողջ ժողովրդի հետ, որոնց մի մասը կարող են իրենց կարծիքը փոխել:

Placeholder
Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան