Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կասպերսկի». Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
Անցած տարին բնութագրվեց Հարավային Կովկասի երկրների օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների թուլացմամբ, ինչը համահունչ է համաշխարհային միտումներին։
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ին Հայաստանում վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել մոբայլ օգտատերերի 1,58%-ն այն դեպքում, երբ նման օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 0,84%, իսկ Ադրբեջանում՝ 3,76%:
2020-ին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին:
Ընդ որում, եթե անցյալ տարի մոբայլ բանկային տրոյացիները Հայաստանում գրոհել են օգտատերերի 0,03%-ին, Վրաստանում՝ 0,02%-ին, իսկ Ադրբեջանում՝ 0,04%-ին, ապա 2020-ին այդ ցուցանիշներն ըստ երկրների կազմել են, համապատասխանաբար, 0,05, 0,09 և 0,06%:
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա 2021-ին դրանց գրոհները նույնպես թուլացել են նախորդ տարվա համեմատ. այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների մասնաբաժինը Հայաստանում նվազել է 0,03-ից մինչև 0,02%, Վրաստանում՝ 0,02-ից մինչև 0,01%, Ադրբեջանում՝ 0,04-ից մինչև 0,02%:
«2021-ին մենք մոբայլ օգտատերերի վրա գրոհների թվի նվազման միտում ենք նկատել։ Սակայն ուրախանալը վաղ է. գրոհներն ավելի ճարտարամիտ են դառնում ինչպես վնասաբեր ԾԱ-ի ֆունկցիոնալության, այնպես էլ օգտագործվող վեկտորների ընտրության հարցում։
Փորձագետները շարունակում էին վնասաբեր ԾԱ գտնել Google Play-ում տեղադրված հավելվածներում, չնայած հարթակ սպառնալիքների ներթափանցման դեմ Google-ի պայքարին: 2021-ին հատկապես աչքի են ընկել Joker տրյացին, որը օգտատիրոջ վրա վճարովի բաժանորդագրություններ է ձևակերպում, և Facebook-ի հաշվեգրերից հաշվառման տվյալներ գողացող Facestealer տրոյացին, ինչպես նաև տարբեր բանկային տրոյացիների բեռնիչները»,- նշում են ընկերության փորձագետները:
Մոբայլ սարքերի վարակումից պաշտպանվելու համար նրանք օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին թարմացնել համակարգը և կարևոր հավելվածները։
Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։