ՀԲ-ն 26.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
Տնտեսություն
13:46 04/03/2022
Հայաստան

ՀԲ-ն 26.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26.5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «ՊԵտական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Վարկը կտրամադրի փոփոխական սպրեդով, 14․5 տարվա արտոնյալ ժամկետով և 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով։ Կառավարության մասնակցությունը 5․3 միլիոն եվրո է (6 միլիոն դոլարին համարժեք)։

ՀԲ երևանյան գրասենյակի փոխանցմամբ, ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։

Նշվում է, որ Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների սոսկ հինգ տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։

«Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասել է  Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ 

Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման,  Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։

Placeholder
ՀԲ-ն 26.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին