Միշա Ղազարյանն այսօր կդառնար 90  տարեկան
Կրթություն, գիտություն
12:42 05/03/2022
Հայաստան

Միշա Ղազարյանն այսօր կդառնար 90 տարեկան

Այսօր կլրանար ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աստղաֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, Ղազարյան գալակտիկաների հեղինակ Միշա Արիստակեսի Ղազարյանի 90-ամյակը (1932-2021)։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Միշա Ղազարյանն արտագալակտիկական աստղագիտության ոլորտի ամենահայտնի հայ աստղագետներից մեկն էր: Նա ծնվել է 1932թ. մարտի 5-ին Հայաստանի Մարալիկ քաղաքում: 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստղաֆիզիկայի ամբիոնը, 1958-1980թթ․ աշխատել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ 1968թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզը պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ, իսկ 1990թ. արժանացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

1968թ-ից Ղազարյանն աշխատել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես դասախոս, իսկ 1990թ-ից՝ որպես պրոֆեսոր։ 1994թ-ից մինչև 2005թ․ եղել է աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը։ 1980-1990թթ․ զբաղեցրել է ԵՊՀ արհեստական արբանյակների դիտողական կայանի վարիչի պաշտոնը։

Ղազարյանի հետազոտությունները նվիրված են Hα աստղերի, գիսաստղերի միգամածությունների և գերմանուշակագույն ճառագայթման ավելցուկով գալակտիկաների տարբեր ուսումնասիրություններին։ Նա հրապարակել է ավելի քան 100 աշխատություն Astrofizika/Astrophysics, ԲԱ հաղորդումներ և Աստղաֆիզիկա ամսագրերում: Զեկուցումներով է հանդես եկել միջազգային տարբեր գիտաժողովներին։

706 գերմանուշակագույն ճառագայթմամբ գալակտիկաները գրանցվել են և հայտնի են որպես Ղազարյանի գալակտիկաներ։ Այս օբյեկտներից 120-ը լուսաչափական և սպեկտրադիտական կերպով ուսումնասիրվել են Ղազարյանի և այլոց կողմից ԲԱ 2,6մ և Հատուկ աստղադիտարանի (SAO, Ռուսաստան) 6մ աստղադիտակներով:

Ղազարյանը նշանակալի ներդրում է ունեցել բազմաթիվ հայ աստղագետների պատրաստման գործում։ Հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ:

Placeholder