«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ՝ ռուսական թատրոնի փոքր բեմում
Մշակույթ
09:09 10/03/2022
Հայաստան

«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ՝ ռուսական թատրոնի փոքր բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում նախօրեին առաջնախաղ էր։ Հանդիսատեսի դատին է հանձնվի «Խաղը» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի։


«Խաղը»  ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը։ Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սա նրա ռեժիսորական դեբյուտն է: 

Հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսները մեծ ճանաչում են վայելում և չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չդարձավ նաև մեր թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում ըստ Դ. Նիգրոյի պիեսի:

«Խաղը» («Գորգոնները») պիեսը ներկայացնում է երկու հոլիվուդյան կինոաստղերի, որոնց տրվել է հանրության սերն ու հանրաճանաչությունը վերադարձնելու վերջին հնարավորությունը՝ միասին նկարահանվել նույն ֆիլմում: Բեմում կինոաստղն է և նրա վաղեմի մրցակցուհին: Եվ եթե Նիգրոյի պիեսում գործող անձինք կանացի դուետ են, ապա այս ներկայացման մեջ հայտնվում է երրորդ կերպարը՝ երիտասարդ արտիստը: Դժվարին ճակատագրով տղա, որի հիշողություններն այդ երկու տաղանդավոր կանանց մասին կօգնեն ավելի լավ գլուխ հանել նրանց փոխհարաբերությունները և ճակատագրերը: Արդյո՞ք գոյություն ունի կանանց ընկերություն: Ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին: Այս և այլ հարցերի հանդիսատեսը կստանա պատասխանները՝ դիտելով նոր ներկայացումը:

Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը, Լալիտա Բուկիան, Մանվել Խաչատրյանը և Անտոն Աղաջանյանը:  Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը: 

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան նաև մարտի 10 և 15, 16-ին:  



 

Placeholder
«Խաղը»․ ռեժիսորական դեբյուտ՝ ռուսական թատրոնի փոքր բեմում