Թշնամու որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահին տեսանելի չեն. Ասկերանի վարչակազմի ղեկավար
Քաղաքական
11:00 10/03/2022
ԼՂՀ

Թշնամու որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահին տեսանելի չեն. Ասկերանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշել է. «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»:

«Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է Համլետ Ապրեսյանը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:

Հիշեցնենք՝ այսօր  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։

Placeholder
Թշնամու որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահին տեսանելի չեն. Ասկերանի վարչակազմի ղեկավար