Չարենցյան տարվա մեկնարկը տրվել է
Մշակույթ
18:05 11/03/2022
Հայաստան

Չարենցյան տարվա մեկնարկը տրվել է

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցած ասուլիսով ազդարարվել է մեծ պոետի 125-ամյակին նվիրված հոբելյանական տարվա մեկնարկը։  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում:

Հիմնական միջոցառումները Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենան ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ասուլիսի ընթացքում թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է մարտի 13-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը.

. Ժամը 12։00. «Ե՛ս եմ հիմա - մի պոետ …» հոբելյանական երթ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից (Մաշտոցի 17) դեպի Եղիշե Չարենցի հուշարձան (Օղակաձև զբոսայգի),
. Ժամը 15:00. Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում (Հայաստանի նկարիչների միություն),
. Ժամը 17:00. «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսի բացում, «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդես (Եղիշե Չարենցի տուն-թանգարան),
. Ժամը 18:00. «Ամբոխները խելագարված» բեմադրություն (Եղիշե Չարենցի տուն-թանգարան):

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իրազեկել է, որ Գրողների միությունը միջոցառումների շարքը կսկսի մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը՝ ի նշանավորումն մեծ պոետի 125-ամյա հոբելյանի: Մայիսին Ծաղկաձորում կնշվի Չարենցի օրը, նախատեսվում է նոր գրքի տպագրություն: 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժ/պ Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ նախատեսել են նոր բեմադրություն՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» վերնագրով, որի հիմքում Եղիշե Չարենցն է:

«Առնվազն տասը տարի այս ներկայացումը կունենանք մեր ցանկում: Սա նոր խոսք է երիտասարդների և թատերասերների համար: Հույս ունեմ՝ այս ստեղծագործությունը կներկայացվի նաև արտերկրում, որովհետև արժանի գործ է: Բեմահարթակում լինելու է երիտասարդների կազմով մեծ երգչախումբ՝ շուրջ 300 մարդ»,- ասել է Դուրգարյանը:

Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով, թանգարանը նախաձեռնել է Չարենցի երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքները:

Միջոցառումների ցանկում են նամականիշի մարման արարողությունը և «Եղիշե Չարենց 125» հուշամեդալի շնորհանդեսը: Միջոցառումների շարքը կավարտվի «Չարենցը և իր ժամանակը» գիտաժողովով՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ:
 

Placeholder