Ոստիկանությունից հավատացնում են՝ անձնագրերը կբավականացնեն բոլորին
Իրավունք
11:29 12/03/2022
Հայաստան

Ոստիկանությունից հավատացնում են՝ անձնագրերը կբավականացնեն բոլորին

Ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի հետևանքով վերջին շաբաթների ընթացքում ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած, դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը։

Դիմումները բավարարելու դեպքում կա՞ն համապատասխան քանակությամբ անձնագրեր Հայաստանում՝ դիմումատուներին տրամադրելու համար։

Panorama.am-ի հետ զրույցում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը վստահեցնում է, բավարար թվով անձնագրեր կան, կբավականացնեն բոլոր դիմումատուներին։

«Խնդիր չի լինի»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, հնարավո՞ր է կրճատել քաղաքացիության համար օրենքով սահմանված 6 ամիս ժամկետը՝ հաշվի առնելով դիմումատուների մեծ թիվը, ոստիկանության պաշտոնյան նշեց, սովորաբար քաղաքացիություն տրամադրելու գործընթացը տևում է 4-5 ամիս։

«Արդեն իսկ օրենքում փոփոխություններ են կատարվել, հունիսի 25-ից քաղաքացիությունը կտրամադրվի  90 աշխատաքային օրվա ընթացքում։ Քաղաքացիություն ստանալը լուրջ պրոցես է, պետությունը պետք է ամբողջապես տեղեկատվություն ունենա այն անձի վերաբերյալ, որը ցանկանում է  դառնալ ՀՀ քաղաքացի։ Մեր կողմից արվում է ամեն բան պրոցեսն արագացնելու համար»,-նշեց նա։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման դիմումը ստանալուց հետո իրականցնում է ստուգումներ, կազմում եզրակացություն, կազմված գործը եզրակացության հետ միասին ուղարկվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, այստեղ քննարկվում է, որոշում է կայացվում, ապա դրա հիման վրա միջնորդություն է ներկայացնում հանրապետության նախագահին՝ դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։

«Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դիմումներն այլևս միջգերատեսչական հանձնաժողով չեն ուղարկվի, այլ միանգամից ՀՀ նախագահին»,-ասաց վարչության պետը։

Արա Մկրտչյանը կրկին անգամ ընդգծեց՝ քաղաքացիություն ստանալու համար սահմանված է 1000 դրամ պետական տուրք։

«Փետրվարի 24-ից մարտի 9-ն ընկած հատվածում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմել են 506 քաղաքացիներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանցից 210 ՌԴ քաղաքացիներ են»,-ավելի վաղ հայտարարել էր վարչության պետ Արա Մկրտչյանը։

Համեմատության համար նշենք, 2021-ի հունվարի 1-ից մինչև մարտի 9-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ վարչությունը 1162 դիմում է ստացել, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 1947 դիմում։
 

Placeholder
Ոստիկանությունից հավատացնում են՝ անձնագրերը կբավականացնեն բոլորին