Երկու շաբաթվա ընթացքում 6500 նոր ռեզիդենտ է մուտք գործել ՀՀ բանկային համակարգ. ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:25 15/03/2022
Հայաստան

Երկու շաբաթվա ընթացքում 6500 նոր ռեզիդենտ է մուտք գործել ՀՀ բանկային համակարգ. ԿԲ նախագահ

«Այս պահի դրությամբ  ռուսական ընկերությունները, որոնք ունեն խոշոր ներդրումներ Հայաստանում, շարունակում են բնականոն աշխատանքը»,- ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճի մասով կանխատեսումները նախկին 5.3%-ի փոխարեն 1.6 %-ի են իջեցվել այն պատճառով, որ ԿԲ կանխատեսումներով ՌԴ-ի տնտեսությունը 2022 թվականին նվազելու է 6 %-ով, և նկատեց, որ չի կարելի բացառել Ռուսաստանի տնտեսությունից եկող ազդակների ազդեցությունը մեր վրա:

Ըստ Գալստյանի՝ պետք է հանգիստ աշխատել, որպեսզի Հայաստանի տնտեսության վրա ՌԴ-ի վիճակի ազդեցության չափը նվազեցվի:

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ երկու շաբաթվա ընթացքում 6500 նոր ռեզիդենտ է մուտք գործել ՀՀ բանկային համակարգ՝ բացելով նոր հաշիվներ:

Մարտին Գալստյանի տեղեկացմամբ՝ ինքը վերջերս հանդիպել է խոշոր ներդրողի հետ, որը հանդիպումից առաջ բանկային հաշիվ էր բացել ՀՀ բանկերից մեկում, և նա իրեն հայտնել է՝ նման որակյալ ծառայություն չի տեսել աշխարհի ոչ մի երկրում:

Անդրադառնալով տրանսֆերտներին՝ ԿԲ նախագահն ասաց, որ այս տարվա ընթացքում դեպի Հայաստան տրասֆերտների որոշակի նվազում կարձանագրվի՝ նախնական գնահատականներով՝ 20 %-ով:

Նկատելով՝ տոտալ անորոշությունն է, որ բերում է վարկավորման տոկոսադրուքների ավելացմանը՝ Մարտին Գալստյանն ասաց. «Երբ որ բիզնեսի և բանկերի համար պարզ կլինեն զարգացման հեռանկարները՝ կոնֆլիկտի, տնտեսության զարգացման տեսանկյունից, ես կարծում եմ՝ ԿԲ-ի տոկոսադրուքի բարձրացումը, որը նպաստելու է երկրում գնաճային միջավայրի կարգավորմանը, ներդրողների տեսանկյունից շատ ավելի դրական քայլ է դիտարկվելու և մարդիկ ներդրումներ են իրականացնելու ՝հիմնվելով հենց մեր մակրոտնտեսական քաղաքականության վրա»:

Placeholder