Կառավարությունը 60 միլիոն դրամ հատկացրեց Կապան համայնքի գյուղական կրթական օջախներին
Կրթություն, գիտություն
12:38 17/03/2022
Հայաստան

Կառավարությունը 60 միլիոն դրամ հատկացրեց Կապան համայնքի գյուղական կրթական օջախներին

«Ներկայացված գումարից 60 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել Կապանի գյուղական բնակավայրերի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 կրթահամալիրների ստեղծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Հայտնելով, որ կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվելու է 67 միլիոն 125 հազար դրամ՝  նա տեղեկացրեց, որ գումարի մի մասն էլ կուղղվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորությանը:

Նրա խոսով՝ Սյունիքի մարզի  բնակավայրերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային ու գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով:

«Արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորտային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով»,-հայտնեց Վահրամ Դումանյանը:

Տեղեկացնելով, որ  7 միլիոն դրամ էլ կհատկացվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար՝ ԿԳՄՍ նախարարը կարևորեց արձանի պահպանումն ու անվտանգությունը և հայցեց ոստիկանության աջակցությունը:

Placeholder