Եթե ՌԴ-ն այսօր լիցենզիա չտվեց, ապա մեր անասնապահության ոլորտն լուրջ վտանգի տակ  կհայտնվի.Հարություն Մնացականյան
Տնտեսություն
14:33 18/03/2022
Հայաստան

Եթե ՌԴ-ն այսօր լիցենզիա չտվեց, ապա մեր անասնապահության ոլորտն լուրջ վտանգի տակ կհայտնվի.Հարություն Մնացականյան

«Հայաստանը տարեկան ՌԴ-ից ներմուծում է 150-160 հազար տոննա անասնակեր՝ եգիպտացորեն, գարի, ֆուրաժային ցորեն և այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք»,-այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն մոտ օրերս որոշակի չափաբաժիններ չհատկացրեց Հայաստանին, ապա անասունների մորթ կսկսվի, Հայաստանում կլինի անասունների գլխաքանակի մեծ անկում, որն ավելի բացասական հետևանքներ է ունենալու, քան հացի կարճաժամկետ խնդիրը:

«Հուլիսի 20-ից ՌԴ-ն կթույլատրի ցորեն ներմուծենք, բայց եթե խոշոր անասունների գլխաքանակի կրճատում եղավ, ապա մի քանի տարի է պետք այն վերականգնելու համար»,-հայտարարեց տնտեսագետը՝ նկատելով, որ այն նշանակում է նաև տավարի մսի, թռչնամսի, կաթնամթերքի և ձվի գնի բարձրացում:

Հարություն Մնացականյանը բացատրեց, որ անասուն պահող ֆերմերները և թռչնաբույծները երբեք կերի կուտակում չեն ունեցել, քանի որ ֆինանսական խնդիրեն ունեն և չեն կարող ողջ տարվա համար կուտակել, պարբերաբար են կերը բերում Հայաստան:

«Եթե ՌԴ-ն այսօր կամ վաղը Հայաստանին լիցենզիա չտվեց, ապա մեր անասնապահության ոլորտը լուրջ վտանգի տակ  կհայտնվի»,-ասաց տնտեսագետը և տեղեկացրեց, որ հայկական թռչնաբուծական ֆերմաների համար եգիպտացորեն է եկել հասել ՌԴ-ի սահման, որը հետ է ուղարկվել:

Մնացականյանի խոսքով՝ անասնաբուծությունը բարձիթողի վիճակում է և եթե սահմանափակումները շարունակվեն և ֆերմերները ստիպված լինեն այլ շուկաներից թանկ կեր ներմուծել,  ապա պետությունը պարտադիր պետք է սուբսիդավորի նրանց ծախսերը:

Նա հայտնեց, որ նաև գարու սերմացուի մեծ պակաս կա Հայաստանում և եթե նույնիսկ այսօր թույլ տան այն ներմուծել, ապա տեղափոխման համար պետք կլինի 10-12 օր, ինչը կարող է ուշ լինել գարնանացանի համար:

Placeholder