Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ ինֆորմացիաներ է նետում ասպարեզ. Վարդան Արամյան
Տնտեսություն
14:59 18/03/2022
Հայաստան

Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ ինֆորմացիաներ է նետում ասպարեզ. Վարդան Արամյան

«Ճգնաժամերը միշտ պահանջում են գերակայությունների վերանայում, որովհետև դրանց դեմ պայքարը ռեսուրս է պահանջելու։ Դուք դատարկ գրպանով չեք կարող ուղղակի խնդիրների առջև պայքարել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա, միշտ էլ լինում են սահմանափակումներ, նաև պարտքի  ներգրավման սահմանափակումներ, հետևաբար այստեղ ամենակարևոր և բարդ խնդիրն այդ ճիշտ հաշվեկշիռը պահելն է. «Վերցնել այնքան պարտք, որքան կարող ես հետագայում սպասարկել, վերանայումներ  անես քո ծախսային գերակայություններում, որպեսզի  կարևորներից ամենա-ամենակարևորներին  թիրախավորված օգնես, միաժամանակ մեծ ուշադրություն դարձնես, որպեսզի քո տնտեսական պոտենցիալը  խնդիրներ չունենա, քանի որ մենք պետք է ապրենք ոչ միայն այս տարով, նաև հետագա տարիներով»։

Վ. Արամյանի խոսքով, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ ինֆորմացիաներ է նետում ասպարեզ։

«Հաղորդակցության մասով խնդիրներ կան։  Ինֆորմացիաներով,  կառավարությունը որպես հիմնական լիդեր, վարքագիծ է  ձևավորում հանրության մոտ»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը երբ ասում է խնդիրներ կան, գնաճային ռիսկեր, ինչն անվիճելի է, միաժամանակ շատ համապարփակված, ոչ թե մեկ անգամ, այլ տաս, քսան անգամ բացատրի, թե այդ խնդիրների կառավարման գործիքակազմը ինչպես է, ինչ են անում,  նույնիսկ պրոցեսների մասին անընդհատ բացատրի։ 

Նա կարևորեց, որ դրական ազդակները հաղորդվեն հանրությանը, տնտեսվարողներին, տնային տնտեսություններին, որպեսզի իրենք ճիշտ վարքագիծ ունենան։

«Հակառակ դեպքում  ասիմետրիկ ինֆորմացիաներ են գլուխ բարձրացնում. չէ որ մարդիկ, սովորական սպառողը, տնտեսվարողը իր հարցերի պատասխանը չունենալով, պատկան մարմիններից չլսելով, սկսում է տեղեկատվությունը գտնել տաղավարներում, փողոցներում,  ինչը վտանգավոր է,  հետո ժողովուրդը սկսում է ոչ ռացիոնալ  վարքագիծ իրականացնել»,- ասաց Վարդան Արամյանը։

Placeholder