Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
Քաղաքական
23:08 21/03/2022
ԼՂՀ

Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։

Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:

Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»,- այս մասին  նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը:  Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր  տալիս արցախյան կողմին վերանորոգել  գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։ 
 

Placeholder