Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Արցախում նոր մարտերի մասին հաղորդագրություններով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար բնույթի, գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: