Մխիթար Զաքարյան. Նախագծով պահանջվում է անհնարինը՝ սահմանային հատուկ նշանակության հողերի կարգավիճակի փոփոխություն
Տնտեսություն
13:03 06/04/2022
Հայաստան

Մխիթար Զաքարյան. Նախագծով պահանջվում է անհնարինը՝ սահմանային հատուկ նշանակության հողերի կարգավիճակի փոփոխություն

«Հողային օրենսգրքով հատուկ նշանակության սահմանային վայրերում գտնվող գետահովտային հատվածներում ավազային և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն չի նախատեսում, բայց ձեր առաջարկով հողամասի հատկացում է պահանջվում»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

Նա նման կարծիք հայտնեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորը բացատրեց, որ սահմանամերձ գոտում հատուկ նշանակության հողեր են, ներկայում այնտեղից ավազի արդյունահանումը կատարվում է լիազոր մարմնի՝ ԱԱԾ-ի և սահմանապահ զորքերի թույլտվությամբ՝ առանց հատուկ նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխության, բայց առաջարկվող նախագծով նախատեսվում է նման գործունեություն ծավալելու համար հողի կարգավիճակի փոփոխություն, որը գրեթե հնարավոր չէ:

Հովհաննես Հարությունյանը հավաստիացրեց, որ առաջարկվող փոփոխությունը քննարկվել է ԱԱԾ-ի հետ:

«Ներկայում գործող կարգով, սահմանամերձ հատվածից ավազի արդյունահանման համար պահանջվում է միայն լիազոր մարմնի հատուկ նշանակության հողում արդյունահանում կատարելու թույլտվությունը, իսկ առաջարկվող փոփոխությամբ պետք է հողամասի նպատակային նշանակությունը փոխվի, որը ենթադրում է միջգերատեսչական հանձնաժողովի դիտարկում, այլ գործընթացներ, մյուս կողմից էլ արդյունահանումը դադարեցնելուց հետո էլ նույն ընթացակարգը պետք է արվի»,- հայտնեց պատգամավորը և բացատրեց, որ ներկայիս կարգով արդյունահանման դեպքում հողի կարգավիճակը չի փոխվում այլ շարունակում է մնալ հատուկ նշանակության:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ առաջարկվող նախագծով ընդամենը նախատեսվում է արդյունահանման համար հողամասի հատկացում արվի:

Մխիթար Զաքարյանը ստիպված էր բացատրել, որ որպեսզի համայնքը կարողանա հողամասի հատկացում կատարել՝ պետք է հողի նպատակային նշանակությունը փոխի, որը սահմանային հատուկ նշանակության հողերի համար անհնար է:

«Շատ բարդ ընթացակարգ է, գրեթե՝ անհնարին ներկայիս գործող օրենդրությամբ: Հնարավոր չէ սահմանային հատուկ նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոխել»,- պարզաբանեց պատգամավորը, որի փաստարկը սակայն չդիտարկվեց և ՔՊ պատգամավորները այդ տեսքով ընդունեցին նախագիծը:
 

Placeholder
Մխիթար Զաքարյան. Նախագծով պահանջվում է անհնարինը՝ սահմանային հատուկ նշանակության հողերի կարգավիճակի փոփոխություն