Սովորաբար գործադիրը խորհրդարան գալիս է հարցերին պատասխանելու, ոչ թե ԱԺ-ին հարցեր տալու. Արթուր Խաչատրյանը՝ ֆինանսների փոխնախարարին
Տնտեսություն
14:15 11/04/2022
Հայաստան

Սովորաբար գործադիրը խորհրդարան գալիս է հարցերին պատասխանելու, ոչ թե ԱԺ-ին հարցեր տալու. Արթուր Խաչատրյանը՝ ֆինանսների փոխնախարարին

«Համաձայնագրով նախատեսվում է, ի շարունակություն հայ-գերմանական համագործակցության զարգացման քաղաքականության, գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116.4 մլն եվրո՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Նա ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Բեռլինում:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ գումարից մի քանի միլիոն եվրոն դրամաշնորհ է, մնացածը՝ վարկ:

Ռաֆայել Գևորգյանը հայտնեց, որ համաձայնագրով նախատեսվում է մինչև 3.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում - Հայաստան» ծրագրի իրականացման համար, 40.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Վերականգնվող էներգիայի զարգացում»՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում, 70.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար, իսկ 3.400.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն՝ վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե վարկերը քանի տարով են տրվում: Փոխնախարարը պատասխանեց, որ միջինը 10-15 տարով:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ միջինը մեկ թիվ է լինում և կրկնեց հարցը:

«Ուզում եմ ես հարց տալ, ենթադրենք՝ 12 կամ 13 տարի, այդ համաձայնագիրն ընդունելու դեպքում  որոշումների վրա ի՞նչ ազդեցություն կունենա»,- հարցրեց Ռաֆայել Գևորգյանը:

Արձագանքելով փոխնախարարին՝ Արթուր Խաչատրանն ասաց. «Պարոն Գևորգյան, սովորաբար գործադիրը  խորհրդարան գալիս է հարցերին պատասխանելու, ոչ թե ԱԺ-ին հարցեր տալու»:

Պատգամավորը կրկին հարցրեց, թե վարկը քանի տարով է տրվում և արդյոք արտոնյալ ժամկետ ունի և քանի՞ տոկոսով է տրամադրվում:

Փոխնախարարը ժամանակ խնդրեց, որպեսզի ճշտի և 15 րոպեից հետո հայտնեց, որ միջինը 13.4 տարով է տրվելու վարկը:

Արթուր Խաչատրյանը տևական ժամանակ փորձեց պարզել, թե 0.5% վարկը ստանալուց հետո այն ի՞նչ տոկոսով է տրամադրվելու վարկառուին, փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես 12-1.3%-ով՝ ԿԲ-ի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքից կախված:

Հանձնաժողովն ընդունեց համաձայնագիրը, բայց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոստացավ համաձայնագրի շուրջ քննարկում կազմակերպել՝ բարձրացված հարցերը պարզաբանելու համար:
 

Placeholder