Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում
Մշակույթ
18:23 19/04/2022
Հայաստան

Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:

Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա այցելելու և տեղեկանալու սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։

Մինչև ցուցահանդեսի ավարտը՝ յուրաքանչյուր ուրբաթ (ժամը՝ 19։00), այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։

Ցուցահանդեսի  նպատակն է ներկայացնել.

• Հայերի դերն աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում։
• Ներկայացնել արևմտահայերի և արևելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը։

• Փաստերը հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի և այլ տեղավայրերի կենցաղի մասին։ Ուշագրավ է նաև, որ  18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 վարպետներ իրենց ընտանիքներով պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են մի քանի նմուշներ։ Խորհրդանշական այս բաժակներից մեկն էլ հանդիսանում է նախագծի տարբերանշանը։

• Ուշագրավ է հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Ղևոնդ Ալիշան, Հրաչյա Աճառյան և այլոց) կյանքում նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները՝ կապված ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն է ըմպելիքը գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում (հիմնականում արևմտահայ գրողների շրջանում), նկարիչների աշխատանքներում։

• Արխիվային նյութերի և լուսանկարների օգնությամբ պատմել 19-րդ դարի վերջից Արևելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երևանում և Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչև 1960-ական թթ.։

•  Ինչպե՞ս հայրենադարձները կարողացան ըմպելիքը դարձնել լայն սպառման միջոց։

Ցուցահանդեսի համար հիմք են ծառայել ոչ միայն հայկական աղբյուրներն ու հայաստանյան թանգարանների պահոցները, այլև աշխարհի մի շարք գիտնականների ուսումնասիրությունները, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder