Օգոստոսի 1-ից ստուգում չանցած գազաբալոններով մեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի
Տնտեսություն
13:14 28/04/2022
Հայաստան

Օգոստոսի 1-ից ստուգում չանցած գազաբալոններով մեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի

«Նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել»,-զեկուցելով հերթական հարցն՝ գործադիրի նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացի մաս են կազմում էլեկտրոնային շտեմարանները, որի ստեղծման համար հայտարարվել է մրցույթ և արդեն 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող ընկերություն կա:

«Որոշման նախագծով առաջարկում ենք, որ այս ամբողջ գործընթացի այդ փուլն էլ ավարտենք, օգոստոսի 1-ից սկսի համակարգը գործի»,-հայտարարեց նախարարը:

Անդրադառնալով ոլորտի անվտանգային խնդիրներին՝ Սանոսյանն արձանագրեց, որ երբեմն տեղի են ունենում գազաբալոնային համակարգի խափանումներ, պայթյուններ:

Նրա խոսքով՝ Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ, իսկ որոշների համար թույլատրվում է 3 տարին մեկ ստուգել:

«Կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն, հետո նաև՝ ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այս ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների տրվելու է թույլտվություն այդ համակարգից օգտվելու, մասնավորապես, գազալցակայաններին, տեսչական մարմիններին»,-հայտնեց ՏԿԵ նախարարը:

Ըստ նրա՝ երբ մեքենան կայանում ստուգվեց, տվյալները ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային տարբերակով լրացվում են, և գազալցակայանի աշխատակիցը, մեքենայի համարը հավաքելով համակարգի մեջ, տեսնում է՝ մեքենան անցե՞լ է ստուգում, թե՞ ոչ և եթե չի անցել, չի լիցքավորում:

Գնել Սանոսյանը հայտնեց, որ ներկայում 12 կազմակերպություն կա, որոնք լիցենզավորվել են ու կարող են նման ծառայություն մատուցել:

Նա տեղեկացրեց, որ բոլոր մարզերը չեն, որ ներգրավված են գործընթացներին և գործարարներին հորդորեց, որ իրենք ծառայություն մատուցեն այդ ոլորտում:

«Մյուս կողմից՝ մեր քաղաքացիներին հորդորում եմ չսպասել մինչև օգոստոսի 1-ը: Այս ընթացքում արդեն կարող են այդ փուլն անցնել: Գործընթացը բավականին արագ է տևում»,-ասաց Սանոսյանը:

Placeholder