ՔՊ-ականները 3 պատգամավորով հանձնաժողովի նիստ են գումարում և քննարկում նախագծին չվերաբերող հարցեր
Տնտեսություն
17:25 02/05/2022
Հայաստան

ՔՊ-ականները 3 պատգամավորով հանձնաժողովի նիստ են գումարում և քննարկում նախագծին չվերաբերող հարցեր

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր աշխատանքը սկսեց ՔՊ երեք պատգամավորով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի փոխարեն նիստը վարեց ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը, իսկ նիստին մասնակցում էին խաչատուր Սուքիասյանը և ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալեքսեյ Սանդիկովը:

Օրակարգի միակ հարցը՝ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, կարճ զեկուցեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

40 րոպեա քննարկում ծավալեց Խաչատուր Սուքիասյանը, որը սակայն նախագծին չէր վերաբերում, այլ Եևանի կանաչապատ տարածքների ընդլայնման, ջրամբարներ կառուցելու  և պոլիէթիլենային տոպրակներով աղտոտվածության  խնդիրներին:

Իսկ Գայանե Գաբրիելյանն օրինագծի վերաբերյալ հայտնեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և  լիազոր մարմնին օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու  անհրաժեշտությամբ:

Նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:

Placeholder