Դժվա՞ր է այդ թիվը պարզել, 10 րոպե է պարզում եք, թե ինչքան է գումարը,4 տարբեր թվեր եք ասում. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
11:55 05/05/2022
Հայաստան

Դժվա՞ր է այդ թիվը պարզել, 10 րոպե է պարզում եք, թե ինչքան է գումարը,4 տարբեր թվեր եք ասում. Նիկոլ Փաշինյան

«2022 թվականի 4 ամիսներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել ենք 30 մլրդ դրամով, դա ոչ մեկին կասկածելի չի թվո՞ւմ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, որ այն պարզ ձևով են արել՝ օրենքով նախատեսված հարկերն են հավաքել և գերակատարել

Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեց, թե մետաղական հանքանյութի արտահանման պետական տուրքի սահմանումից հետո ինչքա՞ն են գերակատերել  բյուջեն:

Բադասյանը պատասխանեց, որ ապրիլի 21-ի դրությամբ 19.6 մլրդ է կազմել մետաղական խտանյութի արտահանման տուրքը:

Փաշինյանը պահանջեց ընդհանուր թիվ ներկայացնել:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը միջամտեց և ասաց, որ նախորդ օրվա դրությամբ 24 մլրդ է եղել և 24.6 մլրդ էլ եղել է 2021թ.-ին, ընդհանուր կազմում է 48.6 մլրդ դրամ, իսկ մայիսի 5-ի դրությամբ կլինի մոտ 50 միլիարդ:

«Շատ լավ, բայց այդ թիվն ասեք, ես նախապես էլ ասել եմ, որ այդ թիվը պետք է հնչի կառավարության նիստում, դժվա՞ր է այդ թիվը պարզել, 10 րոպե է պարզում եք, թե ինչքան է գումարը: Պարզ հարց եմ տալիս, թե առաջին օրից մինչև հիմա ինչքան գումար ենք հավաքել՝ 4 տարբեր թվեր եք ասում»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2021 թվականի սեպտեմբերի 4-ին) պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման համար սահմանվել է արտահանման պետական տուրք՝ նպատակ ունենալով մետաղների միջազգային բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ:

Placeholder