Փոխգնդապետ Վահագն Թումասյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է ՊՆ
Օրվա թեմա
10:46 12/05/2022

Փոխգնդապետ Վահագն Թումասյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է ՊՆ

Արցախյան պատերազմի հերոս, 1-ին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Վահագն Թումասյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ ՊՎԾ-ից հայտնել են, որ համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ մանրամասն ներկայացնելով Վահագն Թումասյանի ացնած ուղին և հերոսական սխրանքները։ Այս մասին տեղեկացնում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։

Փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:
Վահագնը ծնունդով Աբովյանից է: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետ, համատեղ սովորել Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում։ Սովորել է նաև Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Նա տիրապետում էր թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներին։

2007-ին անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերում։ Սկզբում հատուկ նշանակության ջոկատում դիպուկահար է եղել, հետո նախընտրել է հետախուզությունը:

Վահագնի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ որդին զոհվել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ, «Հայաստանի ազգային հերոս» Վահագն Ասատրյանի հետ թշնամու հրթիռակոծությունից:

Հայրը նշել է, որ նրանց զոհվելու հանգամանքներն ու պատճառները մի քիչ մութ են, պետք է մանրամասն և խորությամբ ուսումնասիրվեն:

Հիշեցնենք, որ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը նախորդ տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ տրամադրել։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: Բացի այդ, ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։

 

Placeholder