Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու
Իրավունք
12:02 13/05/2022
Հայաստան

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել  է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կշարունակի մնալ ազատության մեջ:

Տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օրինական շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեն, իմացել են ԶԼՄ-ներից։

Նա դժվարացավ ասել, թե ինչի հիման վրա է դատարանը կալանքի միջնորդությունը մերժել. «Այնուամենայնիվ, ի սկզբանե անձին չկալանավորելը, ի սկզբանե փախուստի համար մեղադրանք չառաջադրելը, 15 օր հետո կատարված գործողությունները հավանաբար նպաստել են նրան, որ դատարանը հենց այդպիսի հիմքով էլ կարող է ազատ արձակած լինել։ Ես ինքս բովանդակության մասին որևէ տեղեկություն չունեմ»։

Րաֆֆի Ասլանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ տուժող կողմը հետևողական է լինելու քրեական գործին, որպեսզի մինչև վերջ ընթացք ստանա։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Կինը վրաերթի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող ՃՈ ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Նա  ձերբակալվել էր: 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում էր կայացվել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև նրան մեղադրանք էր առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով:

Նույն օրը կայացրած որոշմամբ Ա.Նավասարդյանն ազատվել էր արգելանքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում էր կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:

Նախօրեին վարույթն իրականացնող քննիչը որոշում էր կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել էր, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։


 

Placeholder
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու